Գրադարանավարությունը տիեզերական Արևի տակ առաջին մասնագիտություններից
մեկն է: Այն հին է, ինչպես Աշխարհը: Առաջին գրադարանավարները դեռևս
մարդկության արշալույսին, անգամ չգիտակցելով իրենց մասնագիտության ապագա
կարևորությունը, քարայրների պատերին ածուխով գծված պատկերների պահապաններն
էին: Հետո նրանք դարձան ժայռերի վրա փորագրված ժայռապատկերների
պահապանները: Հետո դարձան իմի հավաքված սեպագիր սալիկներ մեկտեղած
սրահ-գրադարանների, ավելի ուշ՝ մագաղաթների վրա գրառված տեքստերի
պահապանները:
Նրանք էին Ալեքսանդրիայի հայտնի գրադարանի, Եդեսիայի հայ Արշակունիների գրադարանի պահապանները:
Գրադարաններ /՛՛գրատուն՛՛ անունով/ ունեին Սանահինի, Հաղբատի, Հոռոմոսի,
Տաթևի, Հովհաննավանքի, Սաղմոսավանքի, Թեղենյաց վանքի, Գոշավանքի և մյուս
բոլոր վանական համալիրները: Այս գրադարաններն անգամ գրացուցակներ ունեին:
Այդպիսի մի գրացուցակ, որ հայ իրականության մեջ ամենահինն է, կազմվել է
մինչև 1245 թվականիը Սաղմոսավանքում /տե՛ս մեր ՛՛Սաղմոսավանքի գրացուցակի
գրվելու ժամանակը՛՛ հոդվածը ՛՛Լրաբեր հասարակական գիտությունների՛՛
հանդեսում, 1981 թ., թիվ 1, էջ 82-84/:
... Ես էլ պատահաբար
չընտրեցի գրադարանավար-մատենագետի մասնագիտությունը, թեև դպրոցական
նստարանից երազում էի հնագետ-պատմաբանի մասնագիտության մասին: Տնտեսագետ
հայրս, երկարատև հիվանդությունից հետո, աշխատանքի անցավ Ապարանի շրջանի
Վարդենիս գյուղի գրադարանում: Հասուն տարիքում գերազանցությամբ ավարտեց
Էջմիածնի ակումբա-գրադարանային տեխնիկումի գրադարանային բաժինը, ապա՝
Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի
գրադարանագիտության և մատենագիտության բաժինը: Հենց այս վերջինն էլ դարձավ
նաև իմ կրթական դարբնոցը: Եվ հիմա ես ուրախ եմ, որ հենց այդ կրթությունն
ստացա: Իմ զբաղեցրած աշխատանքային այլևայլ, ու իրարից 180 աստիճանով տարբեր
պաշտոններում, երբեք դժվարության չհանդիպեցի ու պատվով կատարեցի, քանի որ
մատենագետի կրթությունը /այո, հենց այդ կրթությունը/ ինձ միշտ հաջողություն
բերեց:
Գրադարանավարներին ես միշտ նմանեցնում եմ սրմնացանների:
Համբերատար, բազմակողմ զարգացում ունեցող այդ մարդիկ թափանցում են առաջին
անգամ գրքերի տիեզերական աշխարհը մտած մանուկների հոգին, կարդում-վերծանում
են պատանիների ներաշխարհը, գիտնականների հետ քայլում են նրանց հետաքրքրող
արահետներով...
Այդպիսին են գրադարանավար-գրքի պահապան ու
պրոպագանդող մարդիկ: Այդպիսին են եղել նրանք քարայրների ածխանկարների
պահապաններից մինչև մերօրյա գրքերի, համացանցային նյութերի պահապան ու
պրոպագանդող մարդիկ:
Եվ նրանք տարվա մեջ մեկ անգամ, հոկտեմբերի 7-ին, նշում են իրենց մասնագիտական օրը:
Շնորհավոր ձեր տոնը գրադարանավարներ, հայ գրադարանավարներ, գիտելիք ու
գիրք պահպանող ու պրոպագանդող հայ գրադարանավար-սերմնացաններ: