Հանդիպում մագիստրոսների և ասպիրանտների հետ
28.09.2012
Սեպտեմբերի 26-ին և 27-ին
համալսարանի գիտական գրադարանի գիտաշխատողների սրահում մանկավարժական
համալսարանի ասպիրանտուրայի բաժնի վարիչ Սիմա
Վարդանյանը, տեղակալ Լուսինե Ավետիսյանը, գիտահետազոտական կենտրոնի ղեկավար
Կամո Վարդանյանը, գիտական և հետբուհական աշխատանքների գծով պրոռեկտորի
օգնական Ջեմա Մինասյանը, մագիստրատուրայի բաժնի վարիչ Լյովա Հարությունյանը, գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը, համալսարանի գիտական և հետբուհական աշխատանքների գծով պրոռեկտոր Արա
Երեմյանի ղեկավարությամբ հանդիպեցին համալսարանի ասպիրանտներին և
մագիստրոսներին: Հանդիպման նպատակն էր խրախուսել
ուսանողների գիտական գործունեությունը, նախանշել բուհի գիտական
առաջնահերթությունը, հստակեցնել ուսանողների անելիքները: Ասպիրանտների
հետ հանդիպման ժամանակ Սիմա Վարդանյանը ասպիրանտներին և նրանց գիտական
ղեկավարներին ներկայացրեց «Ասպիրանտների հետազոտությունների աջակցության
ծրագիր-2012» մրցույթի պահանջները: Բուհի ղեկավարությունը կրկին պատրաստակամություն հայտնեց աջակցել ասպիրանտներին նրանց գիտական հետազոտություններում: Վերջիններս
անդրադարձան նաև ամբիոնների աշխատանքին`անհրաժեշտ համարելով ուսանողների
հետ փոխադարձ կապը, մագիստրոսական կրթությունը: Ավարտին տրվեցին
ցուցումներ, խորհուրդներ սեփական աշխատանքները ավելի բարձր որակով
կազմակերպելու համար, եղան ընթացիկ աշխատանքային քննարկումներ, հարց ու
պատասխաններ:
Գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը
նշեց, որ գրադարանը ուսանողների, մագիստրոսների, ասպիրանտների գիտական
աշխատանք կատարելու համար անհրաժեշտ գրականություն և տեխնիկական
հնարավորություններ ունի և կապահովի բոլոր պահանջները:
Գիտական և հետբուհական աշխատանքների
գծով պրոռեկտոր Արա Երեմյանը, կարևորելով դեկտեմբերի 12-ին բուհի
հիմնադրման 90-ամյակին նվիրված գիտաժողովի աշխատանքները, ներկաների
ուշադրությունը հրավիրեց ուսանողների մասնակցության խնդրին: «Գիտական
հետազոտությամբ զբաղվող ուսանողների համար սա լավ հնարավորություն է
հրատարակելու իրենց գիտական հոդվածները, ցուցաբերելու սեփական
նախաձեռնողականություն»,-ասաց նա: Խորհրդակցությանը
ներկա էին նաև բուհի Ուսանողական գիտական ընկերության ներկայացուցիչներ
Մարիամ Մելքումյանը և Լևոն Նազարյանը: Նրանք պատրաստակամություն հայտնեցին
ներգրավվել վերը նշված աշխատանքներում:
http://armspu.am/news/n/1090/ln/am - կայքից
|