ՀԱՆՃԱՐԵՂ ԲԱՆԱՍՏԵՂԾ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԻ
ԱՆՏԻՊ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՆ ԲՆՕՐԻՆԱԿԸ
ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ
ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է
ԱՆԴՐԱՆԻԿԻ ՍՈՒՐԸ
Հայոց ազգային հերոս
Անդրանիկ զորավարի անմահ հիշատակին
Այս առավոտ, երբ կորած բախտիդ դուռը բացվեց լուռ`
Համբուրեցի խենթացած հույսով դուռդ, Անդրանիկ,-
Քար լռության պատյանից ելավ անունդ, ինչպես թուր,
Ներիր, որ շատ երկարեց, մեր այս լուրդ, Անդրանիկ:
Բայց աչքովս ես տեսա` թանգարանդ երբ բացին`
Յոթ քաջեր ներս գալով` գլխարկները հանեցին,
Եվ ծերացած շուրթերով համբուրեցին ապակին,
Այն շղարշը, որի տակ դրվեց թուրդ, Անդրանիկ:
Յոթն էլ, դեռ լի վրեժով քաջերդ էին ծերացած,
Վար կռացան ու լացով համբուրեցին վերացած,
Հակոբ, Թորգոմ ու Սամվել, ու մայրերն այն քո փրկած,
Որոնց թուրքից ետ խլեց դալար կուռդ, Անդրանիկ:
Այսպես եկան, ծովացան, դարձրին գաղտնիքն հայտնի ծով,
Թանգարանը սրբացավ քո արծվենի պատկերով,
Թվաց, թե դուրս նայեցիր լեռնակարոտ աչքերով
Ու ձյուն դառավ Մասիսին սուրբ համբուրդ, Անդրանիկ:
-... Աման, փախեք, գալիս է ազրաիլը էրմանի,
Թողեք թոփ ու թոփխանա, վրեն գյուլլա չի բանի,-
Ճչում էին թուրքերը` փախչում սարից Սասունի,
Հազար տեղով դու թուրքին առար բուռդ, Անդրանիկ:
Գառների պես մորթվող մոլորվածներն հայ ցեղիս,
Հանվող աչքերն հայ մանկանց, մորթվածներն հայ ցեղիս,
Քեզ թուրքատյաց դարձրին կոտորածներն հայ ցեղիս,
Որ կայծակեց հայ վրեժ - անմեղ թուրդ, Անդրանիկ:
-Քիչ ենք` բայց հայ` մռնչում, թռչում էիր սարեսար,
Քո անունն էլ լսելիս` փախչում էր թուրքն այսահար,
Հայ ազգն էիր դու փրկում հայոց սրով այս արդար,
Դու իմ հայոց յոթերորդ Սասնա ծուդռ, Անդրանիկ:
Ուր դու էիր հայտնվում` հայոց լացն էր ծիծաղվում,
Հայ մանկիկներ մորթոտող թուրքի մայրիկն էր դաղվում,
Վաթսուն հայդուկ քո գնդով, թուրքի մի զորք էր թաղվում,
Դժոխքից էր փրկըվում մայրդ, քույրդ, Անդրանիկ:
Ու սրբացավ քո սուրն էլ` թանգարանվեց հույսերով,
Ով յոթերորդ Սասնա ծուռ, թուր կայծակի լույսերով,
Մասիս կելնեն թոռներդ, կամ ծոռներդ քո սրով,
Որ ծովանա Մասիսով ազգ-աղբյուրդ, Անդրանիկ:
...Քո տանջված աճյունն էլ օտար հողում չենք թողնի,
Կոմիտասի պես քեզ էլ կբերենք հողն հայրենի,
Քեզ կթաղենք արծվաբույն բարձունքներում Սասունի,
Տուն կբերե Մասիսն էլ լոկ այս թուրդ, Անդրանիկ:
Ահա դառել զինվորդ` ես քո սուրն եմ համբուրում,
Արարատի մայր հույսով քո անունն եմ համբուրում,
Ես հայ ոգու վահագնյա անշեջ հուրն եմ համբուրում,
Հայ ազգն ինքն է հավիտյան անշեջ հուրըդ, Անդրանիկ:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ
23.06.1963 թ.