Ցուցադրվեցին ՀՊՄՀ կին դասախոսների գրքերը
07.03.2013
Այսօր Մանկավարժական համալսարանի Գիտական գրադարանում մարտի 8-ին
ընդառաջ կազմակերպվել էր ՀՊՄՀ կին դասախոսների հրատարակած գրքերի
ցուցահանդես, որտեղ ներկայացված էին 150 հեղինակի շուրջ 250 մասնագիտական և գեղարվեստական գործեր:
Գրադարանի
տնօրեն Տիգրան Պետրոսյանցը, շնորհավորելով կանանց միջազգային օրվա`
մարտի 8-ի կապակցությամբ, ասաց. «Մեզնից յուրաքանչյուրը հիշվում է իր թողած
ժառանգությամբ. գիրքն այդ գործում ունի իր ուրույն նշանակությունը:
Այսօրվա ցուցահանդեսը վերածվեց գրադարանային գեղեցիկ միջոցառման:
Ներկայացված
գրքերից մի քանիսն ընդամենը օրեր առաջ են հրատարկվել. վստահ եմ` դրանք
մեր ուսանողների համար կդառնան իրենց ամենօրյա աշխատանքի անբաժան մասը»:
«Մաշի
ձեռքս, դառնա ի հող, գիրս մնա հիշատակող»,-ներկաներին այս խոսքերով
ողջունեց բազմաթիվ գրքերի հեղինակ, Հայ գրականության և նրա դասավանդման
մեթոդիկայի ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բանասիրական
գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը, ում համար
ստեղծագործող կինը եռակի կին է:
Վերջինիս
դիտարկմամբ 21-րդ դարի հայ կինը շատ տարբերվում է 19-րդ և 20-րդ դարերի
հայ կանանցից. նրա պատասխանատվությունն ու հոգսը մեր օրերում կրկնապատկվել
է:
Պրոֆեսորի
դիտարկմամբ պատահական չէ նաև այն, որ մի շարք երկրներ նոր ուղի են սկսել
հենց կին ղեկավարների օրոք. «Կարծում եմ կանայք մեծ հնարավորություններով
են օժտված և անհրաժեշտ է ճիշտ օգտագործել դրանք: Բոլոր ժամանակներում
հայ կինը եղել է ազգային լավագույն ավանդույթների կրողն ու փոխանցողը: Նա
միշտ հոգատարությամբ և արժանապատվությամբ է կատարել իր առաքելությունը`
բարձրացրնելով հայ տղամարդուն»:
Օտար լեզուների
դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր Բելլա Եսաջանյանը ևս ընդգծեց հայ
կնոջ դերակատարումը գիտակրթական ոլորտում, իսկ Ուսումնագիտական գծով
պրոռեկտոր, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանն
էլ նշեց` ցուցադրությանը ներկայացված հեղինակներից շատերի թողած
ժառանգությունն իր համար նորություն է:
«Հպարտ եմ,
որ Մանկավարժական համալսարանում իրենց գործունեությունն են ծավալում
այնպիսի կանայք, որոնց գրքերի բովանդակությունն ու խորությունը յուրացնելը
հնարավորություն է տալիս ապրել մասնագիտական նոր վերելքներ»:
Հայոց
լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, բանասիրական
գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանը, շնորհավորելով կանանց
գարնան տոնի առթիվ, նշեց. «Կանանց մեծագույն երջանկությունը որդեծնությունն
է, իսկ երբ կինն այդ հերոսության կողքին արարում է հոգևոր- մշակութային
արժեքներ, որոնք նաև կենսագրություն են ստանում ու մտնում մեր կյանք`
կանանց կշիռը եռապատկվում է»:
Նշենք, որ ցուցադրությունը կտևի մինչև ապրիլի 7-ը:
Просмотров:
1551
|
Добавил:
tigranhayazn
|
Дата:
08.03.2013
|