ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՆՔ ՏԵՍԵԼ ՈՒ ՏԵՍՆՈՒՄ ՄԵՐ ԵՎ ՄԵՐ ԺԱՌԱՆԳՆԵՐԻ ԱՊԱԳԱՆ
Ես րոպեներ առաջ ,,ֆեյսբուքյան,, իմ ընկերների շարքից հեռացրեցի առաջին
մարդուն: Հեռացրեցի, որովհետև ինձ համար անընդունելի են Հայաստանից
,,հեռացածին չմեղադրելու և մնացածներին չհերոսացնելու,, տեսությամբ
տառապողները: Իմ ընկերների շարքում շատ են անհատներ, որ ապրում,
ստեղծագործում են հեռավոր աշխարհներում, Հայաստանը սիրում են ինձնից ոչ
պակաս և երբեք չեն հայտարարում, որ այնտեղ,
որտեղ ապրում են ,,ազատության,, զգացողությունը անսահման է, այնքան, որ
վաստակելու համար միշտ կարող են տեղաշարժվել ,,որտեղ հաց՝ այնտեղ կաց,,
սկզբունքով: Իմ ընկերները երբեք նման ցնդաբանություն չեն որդեգրել և
իրենց հեռավոր կարոտների մեջ միշտ ուժեղ, արժանավոր Հայաստանի պատկեր են
կառուցում և ափսոսում են, որ այս, հենց այս պահին Հայաստանում չեն ու միայն
հեռակա են պայքարում Հայաստանի ու հայաստանցու համար: Մարդն ապրում է
հեռվում, ամուսինն աշխատում է աշխարհի ծայրին, իսկ ինքը հպարտանում է, որ
ազատություն ունի և կարող է այն ինչպես ցանկանա՝ օգտագործի: Այդպես կարող
էր ապրել նաև Հայաստանում, իսկ իր տղամարդը դարձյալ աշխատեր աշխարհի
ծայրին՝ հանուն ընտանիքի բարօրության: Չեմ ընդունում նաև նման բանավեճի
հայաստանցի մասնակիցներին, որ ամեն գնացողի համար մատնանշում են
հոկտեմբերի 27-ն ու ապրիլի 1-ը և արդարացնում հեռացողներին: Որ գնում
եք, գնացեք, ով է ձեր ,,ազատությունը,, , ձեր խոսքերով ,,առանց սահմանների
եվրոպաներ,, տեսնողներիդ տեսողությունը սահմանափակում: Գնացեք: Բայց
բավարարվեք դրանով ու եվրոպական ,,գետոների,, սահմանների մեջ վայելեք ձեր
,,սահմանափակված ազատությունը,, , բայց այդ սահմանափակ ազատությունը
Հայաստանի դեմ դրոշ մի դարձրեք: Որ գնացողներին արդարացնում եք ու
մատնանշում ձեր ցածր աշխատավարձն ու ասում, որ համընդհանուր ազգային
շարժման ժամանակ աչքի եք ընկել, անգամ ձեր հիմնարկից պաշտոնյաներ տվել
անկախացած Հայաստանին, բայց վատ եք ապրում, հասկանալի է: Բայց դուք, որ
մտավորական եք շատ բարձր կրթությամբ, իրավունք չունեք գնացողների
արդարացման փաստաբան լինելու կարգավիճակ ստանձնել: Ձեր նման մտածողները
գնում էին նաև խորհրդային բարգավաճ տարիներին, քանի որ Պուլկովոյում,
Դուբնայում, Մոսկվայի պետական համալսարանում և այլուր ավելի հայտնի կարող
էիք դառնալ, քան գավառական Հայաստանում /այդպես էիք չէ մտածում Հայաստանի
մասին/: Գնում եք՝ գնացեք, գնացողներին արդարացնում եք՝ արդարացրեք,
ձեր և ձեր նման մտածողների պակաս Հայաստանը չի ունեցել և չունի: Բայց
դադարեք մեր՝ Հայաստանում ապրողներիս վրա տրանս/աշխարհաքաղաքացու ձեր
հոգեբանական արշավը: Մենք այստեղ՝ Հայաստանում ենք տեսել ու տեսնում մեր և
մեր ժառանգների ապագան, որքան էլ դուք առանց սահմանների եվրոպաներ
երազեք...
Տիգրան ՀԱՅԱԶՆ
|