2002
թվականին, երբ Հայկ Խաչատրյանի հեղինակակցությամբ տպագրեցի ՛՛Հայկազունք՛՛
գիրքը /Հայազգի պետական գործիչներ, զորավարներ, դիվանագետներ/ կազմի
կողային մասում դրեցի Սպարապետի նկարը: Երբ ինձ հարցրեցին, թե ինչու հենց
այդ տեղում է դրվել նկարը, մի պատասխան եմ տվել, որ գիրքն ինչ ձևով էլ դրվի
երևա Սպարապետի ժպտադեմ դեմքը: Ասել եմ նաև, որ մի հինգ հարյուր տարի,
հազար տարի հետո, այսօրվա անկախության
կառուցողների անուններից կհիշվի երկու-երեք անուն և դրանցից մեկը
հաստատապես կլինի Վազգենի անունը: Հիմա էլ, նրա բացակայությունից այսքան
տարիներ հետո նույն համոզմունքին եմ: Հինգ հարյուր, հազար տարի հետո մեր
պետության ապագա սերունդները դասագրքային ճշմարտությամբ կհիշեն Վազգենին ու
նրա հետևյալ տողերը. «Ես ուզում եմ ասել, որ ոչ ոք խաղաղության գինն
այնքան լավ չգիտի, որքան ես, ոչ ոք այնքան շատ խաղաղություն չի ուզում,
որքան ես: Պատերազմի ընթացքում ես կորցրել եմ իմ լավագույն ընկերներին: Ես
այս պատերազմին տվել եմ ինչ որ կարող էի` ձեռք եմ բերել հպարտություն:
Հանեք այդ հպարտությունը, հանեք այդ գաղափարը, տակը բան չկա: Ես կռվել եմ,
ես կռվում եմ, կռվելու եմ գաղափարի համար, նպատակի համար, և իմ նպատակի
ճանապարհին ոչ ոք ինձ լռեցնել չի կարող»: Եվ հպարտ եմ, որ Հայրենիք
ստեղծելու, Հայրենիք ունենալու, Հայաստան սեր ունենալու համար եղել եմ այն
շատ-շատ հայորդիներից մեկը, որ ծառայել եմ Նրա ստեղծած բանակում, Նրա
ղեկավարած պաշտպանության նախարարությունում և հպարտորեն եմ նայում սպայական
այն համազգեստին, որի ուսադիրների աստղերը Նրա հրամանով եմ կրել...